Իրանի Սահմանադրությունը նախատեսում է գերագույն իշխանության փոխանցման հստակ մեխանիզմ՝ երկրի գործող առաջնորդի մահվան կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքում։
Գործընթացը բաղկացած է երկու հիմնական փուլից՝ առաջնորդության ժամանակավոր խորհրդի ձևավորում և մշտական առաջնորդի հետագա ընտրություն:
Առաջնորդության ժամանակավոր խորհուրդ
Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածի համաձայն՝ այն ժամանակահատվածում, երբ երկիրը մնում է առանց Գերագույն առաջնորդի (ռահբարի), նրա լիազորությունները ժամանակավորապես փոխանցվում են հատուկ խորհրդի, որը կազմված է երեք անձից.
* Իրանի նախագահ (ներկայումս՝ Մասուդ Փեզեշքիան):
* Դատական իշխանության ղեկավար (Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեի):
* Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ իսլամական իրավագետներից (ֆակիհներից) մեկը: Այս անդամի թեկնածությունը որոշվում է Նպատակահարմարության որոշման խորհրդի կողմից, որը խորհրդակցական մարմին է Գերագույն առաջնորդին կից:
Այս կերպ ձևավորված Ժամանակավոր խորհուրդը անցումային շրջանում օժտվում է Գերագույն առաջնորդի բոլոր լիազորություններով և իրականացնում է պետության ժամանակավոր կառավարումը:
Նոր Գերագույն առաջնորդի ընտրություն
Մշտական Գերագույն առաջնորդի ընտրությունը Փորձագետների խորհրդի բացառիկ իրավասությունն է: Այս պետական մարմինը բաղկացած է 88 հեղինակավոր իսլամական աստվածաբաններից, որոնք ընտրվում են համաժողովրդական քվեարկությամբ:
Օրենքի համաձայն՝ Փորձագետների խորհուրդը պարտավոր է հավաքվել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ պաշտոնի թափուր մնալուց հետո, և քվեարկություն անցկացնել երկրի նոր առաջնորդին որոշելու համար:
Արա Պողոսյան